17 հոկտեմբերի 2009 - 22:37 AMT
Լրացավ ուրախ, խելացի, խիզախ LOLO հանդեսի 1 տարին
Ուրախ, խելացի, խիզախ` նման կարգախոս է ընտրել իր համար ԼՕԼՕ մանկապատանեկան մտավոր հանդեսը, որի առաջին հոբելյանը նշվեց հոկտենբերի 17-ին Տիկնիկային թատրոնում:

Միջոցառումը, որին ներկա էին ԼՕԼՕ-ի պատանի ընթերցողներն ու բարեկամները, բացեց ուրախ ծաղրածուն` զվարճալի երաժշտական ծրագրի հաղորդավարը:

Դպրոցականների շրջանում հայտարարված նկարչության մրցույթին, որն ավարտվեց այսօր, աշխատանքներ էին ներկայացվել 3 թեմաներով` «ԼՕԼՕ-ն ճանապարհորդում է», «ԼՕԼՕ-ն կենդանիների աշխարհում», «ԼՕԼՕ-ն երազում է»: Մասնագիտական ժյուրին դժվարությամբ ընտրեց լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները մրցանակներ ստացան ամսագրից:

ԼՕԼՕ մանկապատանեկան մտավոր հանդեսը նախատեսված է ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար:

Ամսագրի նպատակն է ընդլայնել երեխայի մտավոր հորիզոնը, զարգացնել նրա ճաշակն ու գիտակցության սահմանները: Հանդեսում տարբեր թեմաներ են ներկայացված` սպորտ, երաժշտություն, գեղանկարչություն, գրականություն, կենդաբանություն, գիտություն, աշխարհագրություն, պատմություն, զարգացնող եւ ճանաչողական խաղեր: