19 հոկտեմբերի 2009 - 16:44 AMT
Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է կանգնեցնել միայն իշխանափոխության ճանապարհով
«Ռուբեն Հակոբյան. Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը թեւակոխել է որոշիչ փուլ եւ բավական վստահորեն գնում է վերջնական հանգուցալուծման: Այսինքն, ամենայն հավանականությամբ, Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացումը կկայանա», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Վերլուծական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի ընդդիմադիր դաշտը ոչ միայն չկարողացավ դիմակայել այդ գործընթացին, այլեւ ընդհակառակը` իր պառակտվածությամբ ամեն կերպ աջակցեց դրան: «Գլխավոր ընդդիմադիր ուժը` Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ), այդ գործընթացի որոշիչ պահին «թայմ աութ» վերցրեց, իսկ մյուս ընդդիմադիր ուժի` ՀԴՅ Դաշնակցության գործողություններն ու հայտարարությունները չեն համապատասխանում Հայաստանի ղեկավարության քաղաքականությանը», - նշեց Հակոբյանը:

Նա նաեւ հավելեց, որ Դաշնակցության ԱԳՆ ղեկավարի հրաժարականի շուրջ պահանջները կամ ՀՀ ԱԺ վրա ճնշում գործադրելու փորձերը, որպեսզի պատգամավորները չվավերացնեն Արձանագրությունները, լուրջ չեն, քանի որ ո'չ ԱԳՆ-ն, ո'չ էլ Խորհրդարանը չեն հանդիսանում ինքնուրույն եւ որոշիչ գործոններ Հայաստանի քաղաքական կյանքում:

Ռուբեն Հակոբյանը նաեւ նշեց, որ հյայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է կանգնեցնել միայն իշխանափոխության ճանապարհով, ինչին կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ երկու ընդդիմադիր ուժերը` ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, միավորվեն` մի կողմ թողնելով տարաձայնությունները: