20 հոկտեմբերի 2009 - 17:16 AMT
Երեւանում կայացած Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային հինգերորդ փառատոնի Գրան-պրին ստացավ թուրքական «Բուկան»
Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային հինգերորդ փառատոնի Գրան-պրիին է արժանացել թուրք ռեժիսոր Աթալայ Թաշդիկենի «Բուկա» ֆիլմը:

Փառատոնի պրոֆեսիոնալ ժյուրին երկու հատուկ մրցանակ է սահմանել լայնամետրաժ խաղարկային ֆիլմերի համար, որոնց արժանացան Կաիսա Ռաստիմոյի (Ֆինլանդիա) շան եւ յոթնամյա աղջկա հուզիչ կապվածության մասին ֆիլմը, ինչպես նաեւ ռեժիսոր Դեյն Մերիլի ավստրալաամերիկյան «Բրոկեն հիլլ» ֆիլմը:
Փառատոնի մանկական ժյուրին «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացրել ռեժիսոր Լին Ռորի լիամետրաժ խաղարկային «Փոքր դավաճանը» (Իսրայել) ֆիլմը, որը պատմում է Պրոֆի փոքր հրեա տղայի ընկերության մասին բրիտանացի մի զինվորի հետ:

Իսկ «Լավագույն անիմացիոն աշխատանքի» համար մրցանակի արժանացավ իտալացի ռեժիսոր Դամիանո Դամատոյի «Լուսինն անապատում» ֆիլմը: Նույն անվանակարգում պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակին արժանացավ Ռոբերտ Սահակյանցի «Վեց հեքիաթ» ֆիլմը:

Լեհ ռեժիսոր Նիկոլայ Դենիսովի «Արկածները Դիկանկայի խուտորում» աշխատանքը, որի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ փառատոնի շրջանակներում, արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին: