20 հոկտեմբերի 2009 - 19:14 AMT
Ադրբեջանը չի կարող դադարեցնել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը
Ադրբեջանն անմիջական առնչություն ունի հայ-թուրքական հարաբերություններին, քանի որ հենց նրա պատճառով էր Թուրքիան խզել ամեն տեսակի կապը Հայաստանի հետ, եւ այն, որ Բաքուն որոշել է քննարկել հայ-թուրքական Արձանագրությունները, միանգամայն սպասելի է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման Սանկտ-Պետերբուրգյան կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքով, Ադրբեջանի միակ ցանկությունն է` կապել ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների հետ: Նա մեկնաբանել է նաեւ Ադրբեջանի վերջին գործողությունները, երբ նա ամեն հարմար միջոցով փորձում է ցույց տալ Թուրքիայի հանդեպ իր դժգոհությունը: «Իր գործողություններով Ադրբեջանը կկարողանա ազդել Թուրքիայի որոշակի քաղաքական շրջանակների վրա, բայց ինքնին Արձանագրությունների վավերացման գործընթացի վրա` դժվար թե»,- նշել է Ալեքսանդր Սոտնիչենկոն: