20 հոկտեմբերի 2009 - 21:14 AMT
Ռուսաստանի երիտասարդ գրողների IX համաժողովում առաջին անգամ մասնակցում են ԱՊՀ երկրները
Մերձմոսկովյան շրջանում անցե կացվում Ռուսաստանի երիտասարդ գրողների IX համաժողովը, որի շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների Միջպետական համագործակցության մարդասիրական հիմնադրամի (ՄՀՄՀ) աջակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան ԱՊՀ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երիտասարդ գրողների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է ՄՀՄՀ-ի մամլո քարտուղարությունը, Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել է համաժողովի կարեւորությունը եւ ԱՊՀ երկրների գրողների մասնակցությունը: «Համաժողովը դարձել է նշանակալից իրադարձություն երկրի մշակութային կյանքում: Այստեղ պրոֆեսիոնալ քննարկումներ են անցկացվում գրականության ուղիների զարգացման, ռուսաց լեզվի հարստության պահպանման, ազգային մշակույթների մասին, անցկացվում են ստեղծագործական սեմինարներ: Ներկայիս հանդիպման կարեւոր հանգամանքն է` ԱՊՀ երկրների գրողների մասնակցությունը»:

Համաժողովի շրջանակներում հայտնի գրողների ղեկավարությամբ կանցկացվեն վարպետության դասընթացներ, կլոր սեղաններ եւ քննարկումներ, տեղի կունենան հանդիպումներ գրական ամսագրերի գլխավոր խմբագրերի, գիտնականների, հասարակական գործիչների, տնտեսագետների հետ:


Համաժողովին մասնակցում են հայտնի ստեղծագործողներ` Ալեքսանդր Գորոդնիցկին, Վլադիմիր Մականինը, Օլեսյա Նիկոլաեւան, Յուրի Սիմոնով-Վյազեմսկին, Ալեքսանդր Տիմոֆեեւսկին, Մարիետտա Չուդակովան, Կարեն Շախնազարովը եւ այլոք: