22 հոկտեմբերի 2009 - 13:12 AMT
Հերթական դիտարկումն է անցկացվել ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում
Հոկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ - Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի`ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արեւելյան ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Վլադիմիր Չունտուլովը(Բուլղարիա) եւ Ժասլան Նուրտազինը(Ղազախստան):

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության - ԼՂՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: