22 հոկտեմբերի 2009 - 13:42 AMT
Հոկտեմբերի 21-ից Թուրքիան սկսել է հստակ նախապայմաններ դնել Հայաստանի առջեւ
Հոկտեմբերի 21-ից Թուրքիան սկսել է հստակ նախապայմաններ դնել Հայաստանի առջեւ: Հնարավոր է, որ պաշտոնական Երեւանը նման էքսցեսների չէր սպասում Անկարայի կողմից: Հղում անելով այն նախապայմաններին, որ Անկարան առաջ է քաշել Ղարաբաղի վերաբերյալ` Հայաստանն այժմ արդեն պետք է սկսի իր ներկայիս սահմաններում ԼՂՀ ճանաչման գործընթացը` համագործակցելով ինչպես ՄԱԿ-ի անդամների, այնպես էլ ՀԱՊԿ գծով իր գործընկերների հետ: Բացի այդ, համագործակցությունը Սփյուռքի հետ ԼՂՀ ճանաչման հարցում կարող է շտկել Սփյուռքի այժմյան թերըմբռնումը եւ մի շարք լուրջ կազմակեպությունների «նեղսրտվածությունը» Հայաստանի ղեկավարության հանդեպ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդուարդ Աբրահամյանը

Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սկսել է լրջորեն ետ մնալ մյուս «չճանաչված» հանրապետություններից: «Կոսովոյի ճանաչման հարցը կարելի է գործնականում լուծված համարել, իսկ Աբխազիան ու Հարավային Օսեթաին եւս առաջ են շարժվում: Երեք պետություն արդեն ճանաչել է նրանց անկախությունը, իսկ Աբխազիան ու Հարավային Օսեթիան նաեւ ակտիվորեն աշխատում են միջազգային կազմակերպությունների հետ տարբեր քաղաքական-տնտեսական ոլորտներում: Իսկ Ղարաբաղը լրջորեն ետ է մնում ինչպես չճանաչված պետությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների եւ Հայաստանի ու ԼՂՀ բարեկամ համարվող պետությունների հետ համատեղ աշխատանքի հաստատման առումով: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների թեթեւ ձեռքով, Ղարաբաղն աստիճանաբար վերածվում է լոկ ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտի` վիճարկվող տարածքի Երեւանի ու Բաքվի միջեւ: Հայաստանի ղեկավարությունը շատ սխալներ գործեց, սակայն դեռ շանս կա ռեվանշի հասնելու ինչպես ԼՂՀ ճանաչման, այնպես էլ Թուրքիայի հետ սահմանների հարցում: Ժամանակն է առավելապես նախաձեռնող ու համարձակ լինել արտաքին քաղաքականության մեջ»,-ասել է Աբրահամյանը: