22 հոկտեմբերի 2009 - 14:13 AMT
Կարսի պայմանագիրը կորցրել է իր ուժը 1946 թ-ին
«Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի ԱԳ նախարարի ելույթը Թուրքիայի խորհրդարանում, մեկ անգամ եւս հաստատեց այն, որ Հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ կան, որոնցից ներկայիս փուլում ամենակարեւորագույնն է Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել հաստատել Կարսի պայմանագիրը», - հայտարարել ե Երեւանում կայացած մամլո ասուլիսում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Կարապետյանի խոսքերով, Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը կնքվել են 25 տարի ժամկետով, եւ Կարսի պայմանագիրը կորցրել է իր ուծը դեռ 1946 թ-ին, սակայն ուժի մեջ է Մոսկվայի պայմանագիրը, որը երկարացվել էր: Կուսակցության առաջնորդը նշել է, որ ներկայումս հարց է ծառացած Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի ճանաչման մասին, ինչը կնշանակի հրաժարվել Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից:

Նա նաեւ ավելացրել է, որ բուն Կարսի պայմանագրում ժամկետների մասին չկա ոչ մի խոսք, քանի որ դրա մասին խոսվում է այդ պայմանագրի գաղտնի արձանագրություններում: «Այդ մասին վկայում է նաեւ 1925 թ-ի Թուրքիայում ՌՍԽՀ-ի դեսպան Վինոգրադովի պաշտոնական դիվանագիտական նոտան եւ հայտարարությունը, որտեղ նա Թուրքիայից պահանջում է դենոնսացիայի ենթարկել խորհրդա-թուրքական 1921 թ-ի պայմանագրերը, վերականգնել Հայաստանի սահմանները, նշելով, որ Խորհրդային Ռուսաստանը չի կարող սպասել 25 տարի»:

Կարապետյանը նաեւ նշել է, որ ի պատասխան Վինոգրադովի հայտարարությանը, այն ժամանակվա հայտնի թուրք քաղաքական գործիչ Իսմեթ Ինեյը (հետագայում Թուրքիայի վարչապետ) ասել է, որ Թուրքիան 25 տարի հետո անպայման կվերադարձնի այդ տարածքները: