23 հոկտեմբերի 2009 - 13:31 AMT
Շվեդական թերթերը սկսել են կասկածե՞լ` եղել է Հայոց ցեղասպանությունը թե ոչ
Metro թերթը հրաժարվում է որեւէ հոդված տպագրել, որտեղ հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել պատմաբան, դիվանագետ, Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավարանք Արա Պապյանը: Ըստ փորձագետի, թերթի գլխավոր խմբագիր Փեր Գյունը հրաժարվում է տպագրել որեւէ հոդված որտեղ հիշատակում կլինի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այլեւս վստահ չէ` եղել է արդյոք ցեղասպանություն, թե ոչ: «Նույն փոփոխված քաղաքականությունն է որդեգրել շվեդական մեկ այլ օրաթերթ «Սվենսկա Դագբլադեթ« (Svenska Dagbladet), որը հանձին իր հայտնի լրագրող Բիթ Համմարգրենի այժմ գործածում է միայն «հայկական ջարդեր» լրագրողական ձեւակերպումը եւ ոչ թե իրավական «ցեղասպանություն» եզրը: Սրանք պարզապես բառեր չեն, սրանք քաղաքականության դրսեւորում են: Քաղաքականություն, որն էապես փոփոխվել է վերջին օրերին, փոփոխվել է տխրահռչակ զույգ արձանագրությունների ստորագրումից հետո»,-ընդգծել է Արա Պապյանը:
Նախկինում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ էր առել Embassy magazine ամսագիրը: Արձանագրությունների կնքումից հետո Embassy magazine-ը իր հոկտեմբերյան համարում մի հոդված էր հրապարակել, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանի հայերը գործարքի գնացին եւ կստեղծեն համատեղ պատմական հանձնաժողով, որոշելու համար, թե ինչ է եղել իրականում 1915 թվականին»:
Հրապարակման մեջ հեղինակը գալիս է եզրակացության, թե «այն, ինչ տեղի է ունեցել հայ բնակչության հետ, ցեղասպանություն չէր»: