23 հոկտեմբերի 2009 - 19:48 AMT
Հայաստանը ՄԱԿ-ում բարձրացրել է Բաքվի կողմից ԵՍՍ կոպիտ խախտման հարցը
Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի առաջին` Զինաթափման եւ միջազգային անվտանգության) կոմիտեում ընթացող «Տարածաշրջանային զինաթափումն ու անվտանգությունը» օրակարգի կետի քննարկմանը ելույթներ են փոխանակել Հայաստանն ու Ադրբեջանը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում կարեւորել է միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ու դրանց շրջանակներում ընդունված պայմանագրերի ու համաձայնագրերի նշանակությունը զինաթափման գործընթացի համար:

ՀՀ դեսպանը կոմիտեի լիագումար նիստում ներկաների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Եվրոպայում Սովորական սպառազինությունների (ԵՍՍ) մասին պայմանագրի դրույթների կոպիտ խախտման փաստին: Նա նշել է, որ համաձայն ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ պաշտոնական տեղեկատվության` Ադրբեջանը շարունակում է զինվել եւ գերազանցում է ԵՍՍ պայմանագրով սահմանված սովորական սպառազինությունների 5 տեսակներից 3-ի առավելագույն թույլատրելի մակարդակները:

Նա նաեւ հավելել է, որ նման բացահայտ խախտումներն ու ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ ու հայատյաց հայտարարությունները, վտանգավոր են տարածաշրջանային անվտանգության համար եւ կարող են բացասաբար անդրադառնալ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

Ադրբեջանական կողմի ելույթը հիմնականում հագեցված է եղել մշտապես կրկնվող «20% գրավված տարածքների, մեկ միլիոն փախստականների, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում միջազգային հանրության աչքից հեռու թաքցրած սպառազինությունների մասին» ձեւակերպումներով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: