26 հոկտեմբերի 2009 - 17:30 AMT
«Արմավիան» գործընկերներ է որոնում օդանավերի վերանորոգման համատեղ ընկերություն ստեղծելու նպատակով
Ճգնաժամի պայմաններում «Արմավիան» հարմար գործընկերներ է որոնում` երկրում օդանավերի վերանորոգման համատեղ ընկերություն ստեղծելու նպատակով, հոկտեմբերի 26-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ասել է «Միկա Լիմիթեդ» ընկերության ղեկավար, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխաիլ Բաղդասարովը:

«Արմավիա» ընկերությունը նախկինում մտադիր էր բելգիական Sabina Technics ընկերության հետ բացել Հայաստանում օդանավերի վերանորոգման առաջին ընկերությունը, ավելի ուշ նախագծի հանդեպ սկսել են հետաքրքրություն հայտնել գերմանական Lufthansa-ն եւ ֆրանսիական Air France-ը: Սակայն, ըստ Բաղդասարաովի, ֆինանսական ճգնաժամի պայմաններում Sabina Technics-ը ուշացնում է պատասխանը: «Մենք այլ ուղիներ ենք գտել Sabina Technics-ի նմանությամբ մյուս ընկերությունների հետ համատեղ բիզնեսի համար: Նախագծի իրագործումն արդեն սարերի ետեւում չէ»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ ճգնաժամի պայմաններում «առաջին հերթին ուշադրություն են դարձնում ծառայությունների գների վրա», ուստի ընկերությանն առավել ձեռնատու է այնպիսի գործընկեր որոնել, որը ոչ միայն իր անունը կառաջարկի, այլ նաեւ մատչելի գներ, որոնք թույլ կտան «կայունացնել շուկան եւ չխորացնել ճգնաժամը»:

«Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: «Արմավիան» ամսեկան կատարում է մոտ 250 չվերթ, ավելի քան 30 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: Ինքնաթիռների շարժակազմը կազմված է Ա-319(3), Ա-320(2), Իլ-86, Տու-134 օդանավերից: