26 հոկտեմբերի 2009 - 17:54 AMT
Վիեննայի քաղաքապետարանը «Վիեննան ողջունում է Երեւանին» փառատոնի շրջանակներում կնվիրի Երեւանին դասական երաժշտության հինգ համերգ
Հինգ համերգները, որոնք ընդգրկված են «Վիեննան ողջունում է Երեւանին» փառատոնի ծրագրում հայտնի ավստրիացի եւ հայ երաժիշտների մասնակցությամբ կանցնեն Կոմիտասի անվան կամերայի երաժշտության տանը` հոկտեմբերի 27 նոյեմբերի 1-ը:

«Ուղիղ երկու տարի առաջ եւ մասնակցում էի հայտնի ավստրիացի երաժիշտ Աննա Մարիա Պամերի համերգներից մեկին: Նրա կատարումը ոգեւորեց ինձ, եւ ես ցանկացա կազմակերպել հայ-ավստրիական երաժշտական փառատոն», - հաղորդել է փառատոնի գլխավոր տնօրեն, կոմպոզիտոր եւ երաժիշտ Ժան Սարգիսյանը:

«Ավստրիայում մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում տվյալ ծրագրին եւ ես վստահ եմ, որ փառատոնը ավանդական կդառնա», - ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավարներից մեկը` գերմանացի դաշնակահար Գոթլիլբ Վալիշը:

Տիգրան Մանսուրյանը, որի ռոմանսները փառատոնի եզրափակիչ համերգում կկատարի ավստրիացի երգչուհի Աննա Մարիա Պամերը, նշել է. «Վիեննան` դրախտ է երաժշտության աշխարհում: Կարելի է ճանաչված լինել երաժշտության աշխարհում, սակայն եթե Վիեննան ձեզ չի ճանաչել` դա վատ է եւ հակառակը...»:

Փառատոնի շրջանակներում բացառապես կհնչեն հայ եւ ավստրիացի դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների` Ռայներ Բիշոֆի, Սեբաստիան Թեմեսլի, Բալդուին Սուլցերի, Տիգրան Մանսուրյանի եւ Ժան Սարգիսյանի սետեղծագործությունները:

Փառատոնին հրավիրված են կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, ժան Սարգիսյանը, Բոլդուին Սուլցերը:

Հայ-ավստրիական «Վիեննան ողջունում է Երեւանին» երաժշտական փառատոնը կանցկացվի Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանու ներքո: