28 հոկտեմբերի 2009 - 15:31 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի անհանգստությունը մանրուք է Թուրքիայի համար
Ադրբեջանի դիրքորոշումը կարող է արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «The Armenian reporter» անգլալեզու շաբաթաթերթի վաշինգտոնյան խմբագիր Էմիլ Սանամյանը: Նրա խոսքով, արտահայտելով իր բողոքն ընդդեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է գալիս «մեծ եղբոր» դերում եւ «մանկամիտ քայլեր» է ձեռնարկում Թուրքիայի նկատմամբ:

«Իր գործողություններով Անկարան արդեն բազմիցս ապացուցել է, որ ոչ մեկից չի վախենում, եւ Ադրբեջանի անհանգստությունը մանրուք է իր համար: Ներկա պահին Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին` որպես երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու առիթ»,- նշել է Սանամյանը` ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Անկարան պետք է իր շահերի համաձայն գործի, այլ ոչ թե Բաքվի:

«Պետք չէ Բաքվի սպառնալիքները լուրջ ընդունել: Ես չեմ կարծում, թե նա կդադարի գազ վաճառել միայն այն պատճառով, որ «բարկացած է» Թուրքիայի վրա»,- ասել է Էմիլ Սանամյանը: