29 հոկտեմբերի 2009 - 16:20 AMT
ԼՂՀ-ում առաջարկում են պատժել այն անձանց, ովքեր կասկածում են երկրի տարածքային ամբողջականության հարցում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգայինժողովի հերթական` հոկտեմբերի 28-ին կայացած նիստում «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին կոչ է արել քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք կասկածի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են «Ապառաժ» ստեփանակերտյան թերթի խմբագրությունից:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրված է մեր սահմանները եւ տարածքային ամբողջականությունը: Եսխոսքս ուղղումեմ ԼՂՀ իրավապահ մարմիններին եւ առաջարկում. բոլոր այն քաղաքացիները, ովքեր փոխզիջման կամ այլ տարբերակների տակ են խոսում եւ կասկածի տակ են դնում մեր տարածքային ամբողջականությունը, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- նշվում է Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ: Խորհրդարանականի կարծիքով, դա ոչ թե այլակարծության կամ ժողովրդավարության դրսեւորում է, այլ հակասահմանադրական քայլ է եւ հակասահմանադրական քայլը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: