30 հոկտեմբերի 2009 - 17:11 AMT
Երեւանում չորս օրվա ընթացքում հանրահայտ երաժիշտների կատարմամբ հնչեց լեհ կոմպոզիտոր Քշեշտոֆ Պենդերեցկու 25 ստեղծագործություն
Չորս օրվա ընթացքում երեւանյան համերգային դահլիճներում հանրահայտ երաժիշտների կատարմամբ հնչեց լեհ երաժիշտ Քշիշտոֆ Պենդերեցկու 25 ստեղծագործություն:

Համերգներին մասնակցում էին «Շանհայ» քառյակը, լեհ երաժիշտ Միխայիլ Կլաուզը, ավստրիացի ջութակահար Յուլիան Ռախլինը եւ այլք: Հայ երաժիշտներից Պենդերեցկու ստեղծագործությունները կատարեցին դաշնակահար Արթուր Ավանեսովը, կլառնետահար Մարտին Ուլիխանյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը եւ շատ ուրիշներ:

Համերգները Պենդերեցկու օրերի շրջանակներում էին իրականացվում: Պենդերեցկու օրեր համերգային ծրագիրը Հայաստանում կազմակերպվում է երկրորդ անգամ եւ այսուհետեւ կազմակերպվելու է ամեն տարի:

«Վեց տարի մենք ոչ միայն երազում էինք, այլեւ գործադրեցինք բոլոր ջանքերը, որպեսզի Երեւանում իրականացվի մեր ժամանակի հռչակավոր երաժիշտների օրերի անցկացումը: Գաղափարն արդեն իրականացվել է եւ ամենամյա փառատոնի բնույթ է կրում, ինչի համար մենք անչափ երջանիկ ենք, քանի որ այն հնարավորություն է ընձեռում Հայաստան գալու շատ հռչակավոր մարդկանց ոչ միայն երաժշտական աշխարհի, այլեւ այլ բնագավառների», - ասաց կոմպոզիտոր, «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի (որի շրջանականերում անցկացվում են Պենդերեցկու օրերը) նախագահ Ստեփան Ռոստոմյանը:

Քշիշտոֆ Պենդերեցկին նշեց. «Ես շատ գոհ եմ, որ Երեւանում նման փառատոն է անցկացվում ոչ միայն այն բանի համար, որ իմ ստեղծագործություններն են կատարվում, այլեւ այն պատճառով, որ ինտելեկտուալ եւ ընկալունակ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ճանաչելու ժամանակակից դասական երաժշտությունը»:

Կոմպոզիտորը նաեւ նշեց, որ հայ երիտասարդության հետաքրքրությունը ժամանակակից երաժշտության հանդեպ մեծ է եւ ժամանակակից դասական երաժշտությունը քարոզելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է հաճախ կատարել եւ հնչեցնել ժամանակակից երաժիշտների ստեղծագործությունները:

«Հայկական նվագախմբերն իմ ստեղծագործությունները կատարեցին գործադրելով իրենց առավելագույն հնարավորությունները, որոնք շատ բանով չեն զիջում հանրահայտ նվագախմբերի հնարավորություններին: Սակայն նրանք չունեն ժամանակակից դասական ստեղծագործություններ կատարելու ավանդույթ», - PanArmenian.net -ի հարցին պատասխանեց Քշիշտոֆ Պենդերեցկին:

Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Երեւանում առաջին անգամ անցկացվել են 2008 թվին:

Ք.Պենդերեցկին ծնվել է 1933 թ. նոյեմբերի 25-ին, փաստաբանի ընտանիքում, լեհական Դեմբիցա քաղաքում: Պենդերեցկին ժամանակակից երաժշտական մշակույթի ամենահայտնի դեմքերից է` կոմպոզիտոր, նվագավար, հասարակական գործիչ, մանկավարժ: Նա իր բազմակողմանի գործունեությամբ կապված է շատ երկրների հետ, իսկ նրա արվեստը իրապես դարձել է ինտերնացիոնալ: Լեհ երաժշտի երաժշտությունը հնչում է Եվրոպայի եւ Ասիայի, Ամերիկայի եւ Ավստրալիայի համերգային դահլիճներում: Նա օպերաների, օրատորիաների, գործիքային համերգների հեղինակ է: Պենդերեցկու համարյա բոլոր ստեղծագործությունները ձայնագրված են սկավառակներում, դրանք իրենց երգացանկում են ընդգրկել այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են` Զ. Մետան, Ի. Ստեռնը, Դ. Ֆիշեր-Դիսկաուն: Իր գործունեության տարիների ընթացքում կոմպոզիտորը երեք անգամ պարգեւատրվել է «Գրեմմի» մրցանակով, երկու անգամ արժանացել է «Էմմի»-ի, բազմաթիվ պետական պարգեւների մրցանակակիր է: