2 նոյեմբերի 2009 - 14:20 AMT
Էրդողան. Վաղաժամ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությունները սուտ են
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է հայտարարությունն այն մասին, որ 2011թ. նշանակված խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կանցկացվեն: Էրդողանի խոսքով, «նրանք, ովքեր խոսում են վաղաժամ ընտրությունների մասին, վնաս են հասցնում երկրին», մասնավորապես, «նման սադրանքները բացասաբար են ազդում երկրի բորսային շուկայի վրա»:

«Ընտրությունները կանցկացվեն նախանշված ժամանակ: Դրանց անցկացումը կարող է հետաձգվել մեկ կամ երկու ամսով, բայց դա բոլորովին այլ է,- հայտնել է թուրք վարչապետը:- Վաղաժամ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ընտրությունները տեղի կունենան ծրագրված ժամանակում»:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Ազգային հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի հետ հանդիպման ընթացքում Էրդողանը քննարկել է վաղաժամ ընտրությունների անցկացման հարցը: «Եթե ես վաղաժամ ընտրություններ ծրագրե, ես կքննարկեի այդ հարցն ազգի հետ: Ինչու՞ ես պետք է այդ հարցը քննարկեմ ընդդիմության առաջնորդի հետ: Վաղաժամ ընտրությունների մասին հրապարակումները միանգամայն սուտ են»,- նշել է Էրդողանը, հաղորդում է Anatolian News Agency-ն:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են յուրաքանչյուր չորս տարին մեկ: Հաջորդ ընտրությունները պետք է կայանան 2011թ.: