2 նոյեմբերի 2009 - 16:05 AMT
ՀՅԴ-ն խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծը
Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը դրական է գնահատում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանի ներկայացրած նախաձեռնությունը, որը կոչ է արել հանրապետության իրավապահ մարմիններին քրեական պատասխանատվություն սահմանել ԼՂՀ այն քաղաքացիների համար, որոնք կասկածի տակ կառնեն Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը: «ԼՂՀ տարածքն ամրագրված է հանրապետության Սահմանադրությամբ, եւ ցանկացած այլ հայտարարություն խախտում է Սահմանադրությունը եւ, հետեւաբար, նրանց հեղինակները պետք է պատժվեն»,-ասել է Հրայր Կարապետյանը Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:

Հանձնաժողովի նախագահը հաղորդել է նաեւ, որ ՀՅԴ-ն Հայաստանի խորհրդարանում նմանատիպ օրինագծի հեղինակն է: «Մենք ներկայացրել ենք օրինագիծ, որով պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանության ժխտման կամ այդ փաստը կասկածի տակ դնելու համար: Մենք պատրաստ ենք քննարկել օրինագիծն իրավական դաշտում: Տեսնենք, թե ինչպես են մեր պատգամավորները փորձելու քվեարկել այս օրինագծի ընդունման դեմ»,-ասել է Հրայր Կարապետյանը: