2 նոյեմբերի 2009 - 17:15 AMT
Հայաստանն ու Ճապոնիան կընդլայնեն համագործակցությունը տնտեսական եւ մշակութային ոլորտներում
Նոյեմբերի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Մասահարու Կոնոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Ճապոնիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը` հույս հայտնելով, որ նոր դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խթանման գործում:

Դեսպան Կոնոն իր հերթին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ասաց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության խթանման եւ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսության զարգացմանը Ճապոնիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: