2 նոյեմբերի 2009 - 20:39 AMT
Հայաստանի ղեկավարությունը ձգտում է հասնել ԼՂՀ միջազգային ճանաչման
«Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը միակողմանի կարգով չպետք է ինքնանպատակ դառնա, քանի որ ՀՀ ղեկավարությունը ձգտում է հասնել Արցախի միջազգային ճանաչման»,-PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նշել է Հայաստանի հգանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով «Ժառանգության» օրինագծին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին` Շարմազանովը նշել է, որ ներկայումս այդ քայլն ժամանակավրեպ է: Նա նաեւ հավելել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության մեջ, եւ եթե Հայաստանն այժմ միակողմանի կարգով ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա կխանգարի խաղաղ կարգավորման գործընթացին:

Անդրադառնալով միջազգային հանրության հնարավոր արձագանքին Հայաստանի կողմից ԼՂՀ-ն միակողմանի ճանաչելու դեպքում, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարը վստահություն է հայտնել, որ աշխարհը կդիտարկի Արցախն այնպես, ինչպես Հարավային Օսեթիան ու Աբխազիան, թեեւ վերջիններս արդեն ճանաչվել են Ռուսաստանի կողմից որպես անկախ հանրապետություններ: «Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում մենք հասել ենք նրան, որ Մադրիդյան փաստաթղթում հստակ ֆիքսված է ազգերի ինքնորոշման սկզբունքը: Դա արդեն հնարավորություն է տալիս ապագայում եւ դե-ֆակտո, եւ դե-յուրե ամրագրել այդ սկզբունքը»,-ասել է Շարմազանովը: