2 նոյեմբերի 2009 - 20:56 AMT
Եվրախորհրդի ներկայացուցիչ տպավորված է Հայաստանի իշխանությունների աջակցությամբ երիտասարդական քաղաքականությանը
Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդի երիտասարդության եւ սպորտի հարցերով դիրեկտորիատի ղեկավար Ռալֆ Ռենե Վայնգարդներին:

Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարն ասել է, որ ցանկացած պետության համար երիտասարդության խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետը կարեւորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս օգտագործել ԵԽ-ի փորձը համատեղ ծրագրեր իրականացնելիս եւ խորացնել համագործակցությունը:

ԵԽ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշելով, որ տպավորված է Հայաստանի իշխանությունների ու կառավարության կողմից երիտասարդական քաղաքականությանը տրամադրվող ուշադրության ու օժանդակության համար: Ռալֆ Ռենե Վայնգարդները կարեւորել է այն դերակատարությունը, որ ունեն հայ երիտասարդները հակամարտությունների կարգավորման ու միջմշակութային երկխոսության զարգացման գործում:

ՀՀ կառավարության ղեկավարն ասել է, որ ԵԽ ներգրավածությունն ու դերակատարությունը տարածաշրջանային երիտասարդական երկխոսության խթանման գործում պետք է մեկ աստիճան բարձրանա եւ, եթե լինեն նման ծրագրեր, կառավարությունը կաջակցի դրանց: