3 նոյեմբերի 2009 - 12:58 AMT
Թուրքիան Հայաստանի համար այնպիսի առեւտրային գործընկեր է, ինչպես տարածաշրջանի մյուս երկրները
Թուրքիան Հայաստանի համար այնպիսի առեւտրային գործընկեր է, ինչպես տարածաշրջանի մյուս երկրները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կառավարությանը կից Պետեկամուտների կոմիտեի պետ Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքերով, քանի որ Հայաստանն ու Թուրքիան ԱՀԿ անդամներ են, ապա Հայաստանը չի կարող Թուրքիայի հարցում կիրառել ինչ-որ այլ մաքսային կամ հարկային կանոններ:

«Ինչ վերաբերում է մաքսային վարչարարությանը, մենք պետք է շատ բան անենք սահմանի մաքսակետերը բացելուց առաջ, այն է, պատշաճ մակարդակի մաքսային հսկողություն սահմանենք»,-ասել է Ալավերդյանը: Ինչ վերաբերում է որոշ մտավախությանը, թե թուրքական ապրանքները կհեղեղեն հայկական շուկան, ապա Ալավերդյանն ընդգծել է, որ հայկական շուկան այնքան ապրանք կընդունի, որքան կկարողանա: «Հարկավոր չէ վախենալ, թե Թուրքիայից ապրանքի հեղեղ կլինի: Նույնիսկ եթե լինի, ապրանքի ավելցուկ կառաջանա, եւ հետեւաբար, գները կնվազեն»,-ասել է նա:

Արմեն Ալավերդյանը նշել է նաեւ, որ տարեսկզբից մինչեւ նոյեմբերի 1-ը մուտքերը բյուջե մաքսային եւ հարկային գծով կազմել են 427,9 մլրդ դրամ, ինչը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է 84 տոկոս: «Մուտքերը բյուջե նվազել են 16 տոկոսով, ինչը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքն է»,-ասել է Ալավերդյանը: