3 նոյեմբերի 2009 - 15:04 AMT
Հանրության տեղեկացվածությունը կարող է լավ մեթոդ դառնալ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար
«Հոկտեմբերի մեկից Հայաստանում USAID-ի «Հակակոռպուպցիոն գործողությունների մոբիլիզացում» ծրագրի աջակցությամբ մեկնարկել է հասարակայնության հետ կապերի գծով Հայկական ասոցացիայի «Դուրս մղել կոռուպցիան մեր կյանքից» նախագիծը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է հասարակայնության հետ կապերի գծով Հայկական ասոցացիայի նախագահի տեղակալ Արման Սաղաթելյանը:

Նրա խոսքով, ծրագրի նպատակը հանրության, բիզնեսի եւ լրտվամիջոցների տեղեկացվածության աստիճանի բարձրացումն է կոռուպցիոն ռիսկերի առաջացման դեպքում սեփական շահերի պաշտպանության իրավական մեխանիզմների մասին: Նա նկատել է նաեւ, որ այդ ծրագրի շրջանակներում կանցկացվի մեդիա-քարոզչություն, որին կմասնակցեն 20 լրագրողներ Հայաստանի զանազան հեռուստաընկերություններից եւ լրատվական գործակալություններից, այդ թվում` Գյումրիից եւ Լոռու մարզից:

Ասոցացիայի փոխնախագահի խոսքով, այդ նախագծի նպատակային խումբը կազմում են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, եւ լրագրողների օգնությամբ կլուսաբանվեն բոլոր այն դատական նիստերը, որոնք առնչվում են կաշառակերության հետ: Արման Սաղաթելյանը նաեւ նշել է, որ լուսաբանման ենթակա նիստերի ընտրությունն իրականացնելու է Հայաստանի Վարչական դատարանը, որի հետ Ասոցացիան համագործակցում է այդ նախագծի շրջանակներում: «Այս նախագծի իրականացման արդյունքում մենք հույս ունենք վերը նշված հարցերի շուրջ տեղեկացվածության պահանջարկ ձեւավորել հասարակության մեջ: Դա մեր համոզմամբ աջակցելու է հայ հասարակության մեջ կոռուպցիոն ռիսկերի նվազմանը»,- նշել է ասոցացիայի նախագահի տեղակալը:

Նա նշել է նաեւ, որ նախագծի տեւողությունը վեց ամիս է, որի շրջանակներում կլուսաբանվի 15 դատավարություն, կկայանա 4 ճեպազրույց լրագրողների, փորձագետների եւ դատավորների մասնակցությամբ: «Նախագծի ավարտին լրագրողները հոնորար կստանան, իսկ նրանցից չորսը մրցանակ կստանան լավագույն աշխատանքի համար»,- ասել է Սաղաթելյանը: