3 նոյեմբերի 2009 - 18:46 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ խոսք անգամ չի կարող լինել տարածքային զիջումների մասին
«Պաշտոնական Ստեփանակերտը չի ստացել ոչ մի փաստաթուղթ, որում ամրագրված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող Մադրիդյան սկզբունքները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ կառավարության տեղեկատվության վարչության պետ Հրանտ Ալեքսանյանը:
Ալեքսանյանը հաստատել է նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախի տարածքներն ամրագրված են նրա սահմանադրության մեջ եւ խոսք անգամ չի կարող լինել տարածքային որեւէ զիջումների մասին: Ինչպես հաղորդել է ԼՂՀ կառավարության տեղեկատվության վարչության պետը, հղում անելով Արա Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն ազատագրված տարածքներում ակտիվորեն իրագործում է զանազան տնտեսական ծրագրեր, իրականացնում իրրիգացիոն համակարգի, ջրամբարների եւ ճանապարհների շինարարությունը: Իրականացվող ծրագրերի նպատակն է` «առավել հարմարավետ պայմաններ ստեղծել այդ տարածքների վերաբնակեցման համար»:
Հրանտ Ալեքսանյանը նշել է նաեւ, որ վերաբնակեցման գործընթացն ու տնտեսական ծրագրերի իրականացումն առավել ակտիվ է իրագործվում երկու շրջաններում` Քաշաթաղի եւ Քարվաճառի: