4 նոյեմբերի 2009 - 14:32 AMT
Չիգորինի հուշամրցաշարը հաջող եղավ հայ գրոսմայստերի համար
Նոյեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում ավարտվեց ռուս շախմատիստ Միխաիլ Չիգորինի հուշամրցաշարը: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 1-5-րդ տեղերը կիսեց գրոսմայստերներ Վոլկովի (Ռուսաստան), Ժու Վեյքիի (Չինաստան), Ռիչագովի (Ռուսաստան), Դեվյատկինի (Ռուսաստան) հետ:
Միջազգային վարպետ Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեց 6,5, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանը, Վարդգես Թովմասյանը` 6-ական միավոր:
Մրցաշարին մասնակցում էին 159 շախմատիստներ :
Միխաիլ Չիգորինը հայտնի ռուս շախմատիստ է, 19-20 դարերի սահմանագծի Ռուսաստանի ուժեղագույն շախմատիստը: Նա համարվում է ռուս-խորհրդային շախմատային դպրոցի հիմնադիրներից մեկը: Չիգորինը մեծ ավանդ ունի շախմատային դեբյուտների տեսության մեջ: Բազում դեբյուտներ Չիգորինի անունն են կրում: Գոյություն ունի նաեւ «Չիգորինի պաշտպանություն» հասկացությունը: