4 նոյեմբերի 2009 - 17:19 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. «Վաշինգտոնի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման» մասին տեղեկատվությունը ճշմարտանման չէ
«Ես կարծում եմ, որ «Վաշինգտոնի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման» մասին տեղեկատվությունը ճշմարտանման չէ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, պետք է տեսնել, թե ում է շահավետ նման տեղեկատվությունը: «Միգուցե այն շահավետ է Ռուսաստանին, բայց եւ այնպես չի կարելի միանշանակ որեւէ բան ասել, աղբյուրն ինքը հուսալի չէ»,- նշել է հայ քաղաքագետը:

Այդ միջոցին հայ փորձագետը, որը ցանկացել է անհայտ մնալ, հայտնել է, որ վերոհիշյալ տեղեկատվության հեղինակը կարող են լինել ռուսական հատուկ ծառայությունները:

Վաշինգտոնն Ադրբեջանին փաստացիորեն կոշտ ուլտիմատում է առաջադրել. նա հասկացրել է, որ եթե հանրապետությունը «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության փորձ ձեռնարկի, ԱՄՆ կճանաչի վերջինիս անկախությունը»: Այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել է Yeni Musavat ադրբեջանական ընդդիմական կուսակցության պաշտոնական կայքը, ապա եւ մյուս լրատվամիջողները:

Բաքվում պնդում են, որ Վաշինգտոնը պետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի շուրթերով արձագանքեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ Բաքվի` վերջերս հաճախակի դարձած ռազմատենչ հայտարարություններին: Ավելին, ամերիկացիները պնդում են, որ տեղեկատվություն ունեն Ադրբեջանի` գաղտնի կերպով պատերազմին նախապատրաստվելու մասին:

Դիտորդների կարծիքով, Բաքվի ռազմական հռետորությունը կապված է այն բանի հետ, որ այժմ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում չի քննարկվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես դա պահանջում է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է NEWSru.com-ը: