4 նոյեմբերի 2009 - 20:30 AMT
Հայաստանի Նոր պահպանողականներն իշխանություններից պահանջում են ապահովել իրենց սահմանադրական իրավունքները
Հայաստանի Ազգային Նոր պահպանողական շարժման Կենտրոնական Կոմիտեն հայտարարություն է տարածել, որում իր բողոքն է արտահայտել
Շարժման նախաձեռնությունների հանդեպ Հայաստանի իշխանությունների հակազդեցության դեմ: Որպես օրինակ հայտարարության մեջ նշվում էր այն փաստը, որ ԱՆՊՇ ուսանողական միության կազմակերպած բողոքի երթը երկու անգամ արդեն չի արտոնվել քաղաքապետարանի կողմից` պատճառաբանությամբ, որ այն կխանգարի երթեւեկությանն ու կխախտի բնականոն կյանքը քաղաքի կենտրոնական մասում:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ԱՆՊՇ գրասենյակը արդեն երկու օր է գտնվում է ոստիկանական ուժերի հսկողության տակ: Հայ Նոր պահպանողականների Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչները հայտարարում են, որ երկրում ազատորեն ապրում ու գործում են տարբեր բնույթի ու տեսակի ապազգային ու ապաբարոյական կառույցներ, որոնք ամենուրեք ու ցանկացած պահի իրականացնում են իրենց ազգակործան ու բարոյազրկող քարոզչությունը, ազգային երիտասարդության մեկուսացումը քաղաքապետարանի ու ոստիկանության կողմից, հանգեցնելու է երիտասարդության բարոյալքմանը ու ապազգայնացմանը:

Իշխանությունների վերոհիշյալ գործողությունները Կոմիտեի ներկայացուցիչները համարում են ազատ խոսքի, մարդու սեփական կարծիք ունենալու, հիմնարար ազատությունների դեմ ուղղված քայլ: Այդ առիթով Հայաստանի Ազգային Նոր պահպանողական շարժումն իր վճռական բողոքն է արտահայտում եւ դիմելով ՀՀ նախագահին եւ ՀՀ կառավարությանը` պահանջում է ապահովել իր մտահոգություններն ու տեսակետներն արտահայտելու, իր երկրի ղեկավարությանը դիմելու սահմանադրական իրավունքը: