5 նոյեմբերի 2009 - 16:13 AMT
Խոզագրիպը սպառնում է Օլիմպիական խաղերին
2010թ. Օլիմպիադայի մեկնարկից չորս ամիս առաջ խոզագրիպից առաջացած բարդություններից Կանադայում ինը մարդ է մահացել: Դա H1N1 գրիպից մահացության ամենաբարձր մակարդակն է Կանադայի տարածքում:
«Օլիմպիական» ավանում, ինչպես ողջ երկրի տարածքում, դեռեւս նկատվում է H1N1 գրիպի պատվաստանյութի պակաս, որի արտադրությամբ Կանադայում զբաղվում են միայն մեկ մատակարարի` դեղագործական GlaxoSmithKline ընկերության լաբորատորիաները: Ակնկալվում է, որ պատվաստանյութ ստանալու բոլոր ցանկացողները կկարողանան դա անել միայն դեկտեմբերի սկզբին:
«Ինչպես ակնկալվում էր, մենք տեսնում ենք հիվանդությունների դեպքերի աճ, ներառյալ ծանր դեպքերը, եւ, որքան էլ տխուր լինի, հիվանդների մահը»,-հայտարարել է Կանադայի բժշկական ծառայության ղեկավարներից մեկը, դոկտոր Պերիի Քենդլը, հաղորդում է eurosport.ru-ն:
Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2010-ի փետրվարի 12-28-ը Կանադայի Վանքուվեր եւ Ուիսթլեր քաղաքներում: Կանադայի բժշկական ատյաններն արդեն իսկ խորհուրդ են տվել խաղերի մասնակիցներին կանխավ պատվաստվել H1N1 գրիպից: