5 նոյեմբերի 2009 - 17:22 AMT
Երեւանն ու Վաշինգտոնը համաձայնագիր ստորագրեցին գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին
Նոյեմբերի 3-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Պետքարտուղարությունում կայացել է Հայաստան-ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Պատվիրակության կազմում էին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, Արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Ամերիկյան կողմից համանախագահում էր Պետդեպարտամենտի Եվրոպային եւ Եվրասիային օգնության համակարգող Դանիել Ռոզենբլումը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Թինա Քայդենաուն եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարիա Յովանովիչը:
Հանձնաժողովի նիստին քննարկվել են Հայաստանում գործարարության մթնոլորտի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության եւ կառավարման համակարգի բարեփոխումներին առնչվող օրակարգային հարցեր: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է նշված ոլորտներում ձեռք բերած նվաճումներն ու առաջիկայում ծրագրված միջոցառումները:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայությունը, հայկական պատվիրակությունը առանձինհանդիպումներ է ունեցել նաեւ Պետդեպարտամենտում, Առեւտրի դեպարտամենտում, ԱՄՆ Առեւտրի ներկայացուցչի գրասենյակում, Համաշխարհային բանկում եւ Արժույթի միջազգային հիմնադրամում:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ստորագրվել է Գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, որը կխթանի համագործակցությունը երկու երկրների միջեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ինտելեկտուալ սեփականության, հիմնարար գիտությունների ոլորտներում: