5 նոյեմբերի 2009 - 17:34 AMT
Այսօրվանից Հայաստանում գործում է «Orange Armenia» բջջային երրորդ օպերատորը
Այսօրվանից Երեւանում գործում է բջջային երրորդ օպերատորը` ֆրանսիական «Orange Armenia» ընկերությունը, որը 100 մլն եվրոյի ներդրումներ է կատարել, բացել է 300 աշխատատեղ, խանութների ցանց, որոնցից 13-ը Երեւանում, 25-ը` Հայաստանի մարզերում, եւ, իհարկե, առաջարկում է լավագույն սակագները:

«Յուրաքանչյուր նոր երկրում նոր գրասենյակի բացումը, դա նորի ծնունդ է: Մենք ներկայացված ենք շուրջ 30 երկրներում, եւ բաժանորդների թիվը կազմում է շուրջ 189 մլն մարդ: Ընկերության մուտքը Հայաստան մեծ իրադարձություն է, քանի որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ միշտ եղել են սերտ, բարեկամական հարաբերություններ, եւ մեր հայտնվելը Հայաստանում թույլ կտա բարելավել կապը ֆրանսահայ համայնքի հետ»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է «Orange» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարը:

Իր հերթին «Orange Armenia» ապրանքանիշի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշել է, որ ընկերությունը կզարգացնի շուկայում հինգ հիմնական սկզբունք, այդ թվում բջջային եւ ինտերնետ-ծառայությունների զարգացում, որոնք պարզ եւ հասանելի կլինեն անկախ տարիքից եւ սոցիալական դիրքից:

«Շուկա կհանվի նորարարական ծառայությունների փաթեթը, որն ամեն տարի կզարգանա, ինչպես նաեւ առաջարկվում են լավագույն սակագները, որոնք համապատասխանեցվել են շուկայի հետ»,-ասել է Դյութուան: Նրա խոսքերով, ընկերությունը նաեւ գերարագ ինտերնետ է ապահովում Հայաստանի ողջ տարածքում, եւ մտադիր է ապահովել «հաճախորդների լավագույն սպասարկում»:

«Orange»-ի ծառայություններն այսօր արդեն հասանելի են Հայաստանի տարածքի 83 տոկոսի վրա, որտեղ հնարավոր է 3G ինտերնետի հասանելիությունը:

«Orange» ընկերությունը ֆրանսիական «France Telecom» ընկերության ապրանքանիշն է: