6 նոյեմբերի 2009 - 17:19 AMT
Ընտրություններում ֆիասկո կրելու դեպքում Հայաստանի առաջին մարքսիստը մտադիր է լքել քաղաքականությունը
«ՀՀ ԱԺ պատգամավորի Երեւանի թիվ 10 ընտրատարածքում առաջիկա ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների մեջ ես ինձ մրցակից չեմ տեսնում»,-մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:

Նրա խոսքերով, նա ոչ մի դեպքում չի հանի իր թեկնածություոնը ի օգուտ մեկ ուրիշի եւ մտադիր է պայքարել հաղթանակին հասնելու համար: «Դա կլինի իմ վերջին, բայց վճռական պայքարը խորհրդարանի մանդատի համար եւ ես այստեղից նահանջելու տեղ չունեմ»,-ասել է երկրի առաջին մարքսիստը:

Նա նաեւ ասել է, որ չի գործուղի իր լիազոր անձանց ընտրատեղամասեր, քանի որ վստահում է ընտրական հանձնաժողովներին: «Ես շատ վճռական եմ տրամադրված այս ընտրություններում եւ եթե չհաղթեմ, կլքեմ եւ քաղաքականությունը, եւ երկիրը»,-ասել է Դ.Հակոբյանը:

Նա համոզվածություն է հայտնել, որ հաղթելու է եւ հիմնավորել է դա նրանով, որ ինքն առաջադրում է իր թեկնածությունը, քանի որ դա ակնկալում է ողջ հայ ժողովուրդը: «Ես խորհրդարան եմ գնում ինչպես հանրության, այնպես էլ քաղաքական վերնախավի շրջանում գաղափարական բեկում մտցնելու համար»,-իր մտադրություններն է պարզաբանել Հակոբյանը: