6 նոյեմբերի 2009 - 17:38 AMT
Կոլորադոյից սենատորի պաշտոնի թեկնածուները Հայոց ցեղասպանության ճանաչման կողմից են
Կոլորադո նահանգից ԱՄՆ Սենատում երկու գլխավոր թեկնածուներ Էնդրյու Ռոմանովը եւ Մայքլ Բեննետն իրենց կարծիքն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը (ԱՀԴՀ):

Ռոմանովը, որը Ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակից է հանդիսանում, իր թեկնածությունն առաջադրեց սեպտեմբերի 16-ին: Նրա մրցակիցը Բեննետն է, որը Կոլորադոյի նահանգապետի կողմից նշանակվեց այդ պաշտոնին այն բանից հետո, երբ Քեն Սալազարը դարձավ ներքին գործերի նախարար: Դեռեւս սենատոր լինելու ժամանակ Սալազարը նույնպես Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմնակից էր:

Rocky Mountain Hye Advocates-ին ուղղված նամակում Ռոմանովն իր օժանդակությունն է հայտնել Ամերիկայի հայերին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում` վստահեցնելով, որ իրեն սենատոր ընտրեն, նա կօժանդակի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը:

Rocky Mountain Hye Advocates խմբագիր եւ ԱՀԴՀ ակտիվիստ Վի Բաշյան Կուպերը, պատասխանելով Ռոմանովի նամակին, հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Ռոմանովն արդեն ցույց է տվել իր հավատարմությունը մեր կազմակերպությանը: Նրա գործողությունները` որպես նահանգի օրենսդիր, ներառյալ Կոլորադոյի պալատի խոսնակի պաշտոնը, արդեն ցույց են տվել նրա վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ: Նա կներկայացնի հայկական համայնքի շահերը, եթե սենատոր ընտրվի»:

Բեննետն իր հերթին գերադասել է լռել, թե արդյոք ինքը կօժանդակի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Սենատում, թե ոչ: