6 նոյեմբերի 2009 - 21:39 AMT
Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցում տեղի ունեցած միջադեպն արծարծվել է Եվրոպայի Խորհրդի զեկույցում
«Այսօր խումբը գրավոր դիմում կհղի Հայաստանի Գլխավոր դատախազություն, որում ցուցադրվում են «Կանաչների շարժման» ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի գործով նախնական հետաքննության մարմնի ոչ իրավական եւ ոչ անկողմնակալ գործողությունները: Այդ դիմումում ապացուցվում է նաեւ Մարիամի անմեղությունը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հաղորդել է Մարիամ Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանը:

Նա հաղորդել է նաեւ, որ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սաների նկատմամբ ուսուցչի սեռական ոտնձգությունների փաստն ապացուցող բոլոր տեսագրությունները «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փոխանցել է մարդու իրավունքների գծով Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Թոմաս Համմարբերգին: «Շուտով Եվրոպայի Խորհրդում կներկայացվի հատուկ դպրոցների մասին մի զեկույց, որում նյութեր են պարունակվում նաեւ այս հարցի շուրջ»,- ընդգծել է նա:

2008թ. նոյեմբերի 13-ին, Հանրային հեռուստատեսությունը հաղորդում պատրաստեց, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Հեռուստահաղորդման մեջ օգտագործվել էին տեսանյութեր, որոնք տրամադրվել էին S.O.S. Թեղուտի ակտիվիստների կողմից, ովքեր նաեւ զբաղվում են հասարակության խոցելի շերտերի իրավունքների պաշտպանությամբ: Հեռուստահաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը հետաքննություն անցկացրեց, որի արդյունքում 2009թ. փետրվարի 11-ին հարուցվեց N12105809 քրեական գործը` բայց ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասով` զրպարտության մեղադրանքով: