7 նոյեմբերի 2009 - 20:52 AMT
Տեղի է ունեցել Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանդիսավոր բացումը
Այսօր տեղի է ունեցել Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանդիսավոր բացումը: Բացմանը ներկա էին հայտնի հյուրեր` ականավոր չեխ քանդակագործ Յարոսլավa Բրիխտովան, ինչպես նաեւ լեգենդար «Բիթլզների» մենակատարներ Ջոն Լեննոնի եւ Ջորջ Հարրիսոնի նախկին կանայք` Սինտիա Լեննոնն ու Փեթթի Բոյդը, որոնq հրավիրվել են կենտրոնի բացման առթիվ:

Արարողությունից անմիջապես հետո տեղի ունեցավ Յարոսլավա Բրիխտովայի «Լիբենսկի-Բրիխտովա» գրքի շնորհանդեսը: Յա. Բրիխտովան եւ Ստանիսլավ Լիբենսկին 20 դարի վառ գործիչներից են: Նրանց «Քեզ համար, Հայաստան» հավաքածուն ցուցադրված է «Սասունցի Դավիթ» սրահում: Ցուցադրությանը ներկայացված է նաեւ ջերարդ Գաֆեսճյանի խոշորագույն հավաքածուի մաս կազմող Լիբենսկու եւ Բրիխտովայի ստեղծագործությունները, իսկ սրահում նմուշների դասավորությամբ զբաղվել է ինքը` հեղինակը:

Դրանից հետո, տեղի է ունեցել հարցազրույց Սինտիա Լեննոնի ու Փեթթի Բոյդի մասնակցությամբ, որին ներկա էր նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար եւ «Բիթլզի» վաղեմի երկրպագու Արման Կիրակոսյանը:

Հարցազրույցից հետո, «Բիթլզների» մենակատարների նախկին կանայք ներկայացրեցին իրենց գրքերը: Ցերեկը հատուկ միջոցառումների դահլիճում Ս.Լենոնը ներկայացրեց իր «Ջոնը» բեսթսելերը, իսկ «Սասունցի Դավիթ» սրահում տեղի ունեցավ Բոյդի «Երեկ եւ այսօր» գրքի շնորհանդեսը:

Իսկ երեկոյան «Խանջյան» սրահում տեղի կունենա The New York Times թերթի արվեստի գծով գլխավոր քննադատ Մայքլ Քիմմելմանի դասախոսությունը, որը նվիրված է նրա հայտնի «Պատահական գլուծգործոց` կյանքի արվեստի մասին եւ հակառակը» գրքին, որը ներկայացվել է Պուլիտցերի մրցանակին: Գիրքը պատմում է Բոնարդի, Վերմիրի, դը Կունինգի, դոկտոր Հյու Հիքսի մասին, որը թանգարան է բացել սեփական տան նկուղում, ներկայացնելով ավելի քան 75 հազար էլեկտրական լամպերի իր հավաքածուն:

«Արծիվ» սրահում ներկայացված է ամերիկահայ հայտնի նկարիչ Արշիլ Գորկու բնօրնակների առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն Գորկու 16 գծանկար եւ 7 գեղանկարչական աշխատանքները Գաֆեսճյանի արվեստի անձնական հավաքածուից: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ 2010թ. հունվարի 31-ը:

Նշենք, նաեւ, որ այսօր Գաֆեսճյան արվեստի կենտրոնը բաց է այցելուների համար 10:00-22:00-ն եւ բոլոր սրահները կարելի է այցելել անվճար: