9 նոյեմբերի 2009 - 15:06 AMT
Ստորագրված Արձանագրությունները նախաստորագրվածներից տարբերվու՞մ են
Հանրային Խորհրդի Պաշտպանության եւ Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, Հիմնարար Գիտությունների Հայկական Կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որը վերաբերում է հայ-թուրքական Արձանագրությունների հայերեն ու անգլերեն տարբերակների անհամապատասխանությանը:
Նրա կարծիքով, նախաստորագրված Արձանագրությունների հայերեն տարբերակը զգալիորեն տարբերվում է արդեն ստորագրված Արձանագրություններից, որոնք տեղակայվել են Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնական կայքում: «Տեքստերի ամենահասարակ զուգակցումից պարզ կդառնա, որ դա ոչ թե անփույթ թարգմանության արդյունք է, այլ ակնհայտ խաբեություն»,- նշել է Կամսարականը:
Նամակում նշվում է, որ ստորագրված փաստաթղթերում գոյություն ունեն կետեր, ձեւակերպումներ, որոնք բացակայում են նախաստորագրված Արձանագրություններում: Նա նկատել է նաեւ, որ այդ փաստաթղթերում արդեն ճշտված են հին բնօրինակի այն կետերը, որոնք երկիմաստ մեկնաբանությունների առիթ տվեցին:
Ելնելով վերը ասվածից` Կամսարականը եզրակացնում է, որ խախտվել է Արձանագրությունների վեցշաբաթյա քննարկման գործընթացը, որն ընթանում է Հայաստանում եւ արդյունքում կորել է ՀՀ ղեկավարության նկատմամբ բնակչության վստահությունը:
Հիմնարար Գիտությունների Հայկական Կենտրոնի տնօրենը նամակում նախագահ Սարգսյանին առաջարկում է կանգնեցնել Արձանագրությունների վավերացման գործընթացի հաջորդ քայլը, Հայաստանի ԱԳ նախարարին պարտավորեցնել մամուլում հրապարակելու այդ փաստաթղթերի ստորագրված տարբերակը եւ մոտ օրերս նոր վեցշաբաթյա քննարկումներ նշանակել արդեն ստորագրված Արձանագրությունների շուրջ: