10 նոյեմբերի 2009 - 12:32 AMT
Կհանդիպե՞ն արդյոք Հայաստանի «Փյունիկն» ու Ադրբեջանի «Բաքին» ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գավաթի առաջնությունում
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» կարող է դառնալ «Բաքիի» մրցակիցը ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գավաթի առաջնությունում: Մասնավորապես, մեջբերվում են «Փյունիկ» ակումբի նախագահ Կարեն Հարությունյանի խոսքերն այն մասին, որ իր թիմը կարող է եռամյա դադարից հետո կրկին մասնակցել Համագործակցության գավաթի խաղարկությանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Փյունիկի» մամլո քարտուղար Վահան Դանիելյանը այսպիսի պարզաբանում է տվել. «Ակումբը դեռեւս չի որոշել, կմասնակցի այդ մրցաշարին թե ոչ, մասնավորապես, Հայաստանի բարձրագույն լիգային եւ Չեմպիոնների լիգային նախապատրաստվելու պատճառով: Ըստ Դանիելյանի, ակումբը որոշում կկայացնի առաջիկա օրերին:

Եթե «Փյունիկը» հրաժարվի մասնակցել Գավաթի խաղարկությանը, Հայաստանը կարող է ներկայացնել 2009թ. արծաթե մրցանակակիր «Միկան»: «Քանի որ ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գավաթի առաջնությանը մասնակցում են միայն ԱՊՀ երկրների չեմպիոնները, պետք է մասնակցի «Փյունիկը»: Սակայն եթե նա հրաժարվի, մենք մտադիր ենք հայտ ներկայացնել»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Միկա» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը: