10 նոյեմբերի 2009 - 20:19 AMT
Երեւանում տեղի է ունեցել «Համահայկական բիզնես-կատալոգ եւ գիդ-թարգմանիչ» երկհատորյակի շնորհանդեսը
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Հայադարան» նախագծի շրջանակներում տեղի է ունեցել «Համահայկական բիզնես-կատալոգ եւ գիդ-թարգմանիչ» երկհատորյակի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Առաջին հատորը տեղեկատու է, իսկ երկրորդում ներկայացված է Հայաստանի ու ԼՂՀ-ի պատմությունը, տեղեկություններ են ներկայացված ՀՀ պետական մարմինների, ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների, Երեւանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների, արտերկրում հայկական կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի ու Ղարաբաղի այլ կառույցների մասին: Միեւնույն ժամանակ ներկայացված է Հայաստանի ու ԼՂՀ-ի պատմությունը` հայոց աշխարհը, Հայ Առաքելական եկեղեցին, ՀՀ վարչական քարտեզը, Սփյուռքն ու Հայոց ցեղասպանությունը, ՀՀ ազգային հերոսներն ու նախագահները, ինչպես նաեւ հոդվածներ Հայաստանի պատմական շրջանների` Ուտիքի, Նախիջեւանի, Ջավախքի մասին:

Արարողությունը բացեց «Հայկական հանրագիտարան»-ի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, որը բարձր է գնահատել հեղինակների աշխատանքը: «Երկհատորյակը խորհրդանշական իմաստ ունի` դա Հայաստանի մի կտորն է ձեր սեղանին»,-հայտարարել է Հովհաննես Այվազյանը: Նա նաեւ ընթերցել է ՀՀ նախագահի ուղերձը, որտեղ ասվում էր ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի ու Սփյուռքի մասին տեղեկատվության տարածման անհրաժեշտության մասին:

«Նախագծի հիմնական նպատակն է ստեղծել համահայկական տեղեկատվական դաշտ: Բացի այդ, գիրքը թույլ կտա մեզ ճանաչել ինքներս մեզ պատմական առումով, ինչպես նաեւ կներկայացնի մեր աշխարհը»,-ասել է «Հայադարան» համահայկական նախագծի զարգացման գծով տնօրեն Գեւոր Օհանյանը: Նրա խոսքերով, կազմակերպությունը մտադիր է գիրքը վաճառել ցածր գնով, որպեսզի այն մատչելի լինի բոլորին: Ընդ որում, նա նշել է, որ նախատեսվում է նման գիրք հրատարակել Հայաստանի յուրաքանչյուր մարզի, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի մասին:

Գիրքը հրատարակվել է 2000 օրինակ տպաքանակով: Առաջին հատորն ամեն տարի կհրատարակվի նորացված տեսքով: Երկհատորյակը շուտով լույս կտեսնի ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Այս նախաձեռնությունը ողջունել են ՀՀ նախագահը, վարչապետը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Երեւանի քաղաքապետը, ԼՂՀ իշխանությունները, ինչպես նաեւ հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները: