11 նոյեմբերի 2009 - 13:33 AMT
Իրան-Հայաստան երակթուղու կառուցման գծով աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2009թ. նոյեմբերին
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գծով աշխատանքային երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2009թ. նոյեմբերին, ասել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:

Նրա խոսքերով, ՀՀ տրանսպորտի նախարարությունը մեկ շաբաթ առաջ դիմել էր նամակով Իրանի տրանսպորտի նախարարություն` հրավիրելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գծով աշխատանքային հերթական եռակողմ հանդիպմանը: «Իրանի համաձայնության դեպքում մենք կկազմակերպենք այդ հանդիպումը»,-ասել է նա:

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի իրականացման համար Հայաստանի, Իրանի ու ՌԴ-ի տրանսպորտի փոխնախարարների մակարդակով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զղբաղվելու է Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության ստեղծման նախագծի մշակմամբ:

Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2009-ի հուլիսին, սակայն երկրորդ նիստը հետաձգվում էր, մասնավորապես Իրանում ընտրությունների եւ նախարարների նշանակման պատճառով:

Իրան-Հայաստան երկաթուղին թույլ կտա հայկական կողմին օգտվել էներգառեսուրսների եւ այլ ապրանքների տեղափոխման այլընտրանքային ճանապարհից , ելք ստանալով արտաքին աշխարհ: Այժմ ՀՀ երկաթուղային հաղորդակցությունը արտերկրի հետ իրականացվում է միայն Վրաստանի տարածքով:

Ըստ նախնական տվյալների, ներդրումները կկազմեն 2 մլրդ դոլար: Այս նախագծի հանդեպ հետաքրքրություն են դրսեւորում Համաշխարհային բանկը, Զարգացման ասիական բանկը, ինչպես նաեւ Ռուաստանը եւ Ուկրաինան: