11 նոյեմբերի 2009 - 17:15 AMT
Հայ-թուրքական երկխոսության դադարը նախապատրաստություն է ինտենսիվ իրադարձություններին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դադարի վիճակ է այժմ, բայց այդ դադարը նախապատրաստություն է ինտենսիվ իրադարձություններին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Բոլորը սպասողական վիճակում են, թե ինչ է տեղի ունենալու հայ-թուրքական գործընթացում, իսկ թե ինչպես ամեն ինչ կդասավորվի հետագայում, առայժմ դժվար է ասել»,- նկատեց քաղաքագետը:

Նա թուրքական խորհրդարանում նախաստորագրված Արձանագրությունների վավերացման մի քանի տարբերակ ներկայացրեց: «Առաջինը` Արձանագրությունները կարող են վավերացվել հունվարին, երկրորդը` չի բացառվում, որ դա տեղի կունենա ապրիլին` նախքան ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը): Երրորդ եւ քիչ հավանական տարբերակը վավերացման անցկացումն է փակ ռեժիմով, եւ չորրորդ տարբերակը` այդ գործի «ճահճացումը», վավերացման ձգձգումը»,- ընդգծեց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ թուրք գործընկերների հետ հաղորդակցվելիս հաճախ է լսել այն մասին, որ «եթե թուրքական քաղաքական վերնախավը ցանկանա, ապա կարող է ցանկացած հարց անցկացնել երկրի խորհրդարան»:

«Դրա համար Անկարային համապատասխան մտրակ եւ քաղցրաբլիթ է հարկավոր: Մտրակն արդեն կա, իսկ թե ինչպիսին կլինի քաղցրաբլիթը, կապրենք` կտեսնենք»,- նշեց Կովկասի Ինստիտուտի տնօրենը: