11 նոյեմբերի 2009 - 18:45 AMT
Այս անգամ թուրքական Բուրսա քաղաք կմեկնեն հայ շախմատիստները
ՖԻԴԵ-ն հաստատել է 2010թ. հունվարին թուրքական Բուրսա քաղաքում մեկնարկող շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակիցների կազմը: Առաջնությանը կմասնակցեն 10 թիմեր Հայաստանից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ Հունաստանից:

«Հայաստանի շախմատի հավաքականը մեկնելու է այդ մրցաշարին, բայց առայժմ ճշտված չեն շախմատիստների անունները: Սակայն, ամենայն հավանականությամբ, կմեկնի հիմնական կազմը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Բուրսայում 2010 թվականի Աշխարհի Առաջնության նախընտրական տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդիպեց Թուրքիայի ազգային ընտրանու հետ: Հայաստանի հավաքականը պարտվեց 2:0 հաշվով: