11 նոյեմբերի 2009 - 20:19 AMT
Թուրքական խորհրդարանում քրդական հիմնահարցի քննարկումը պատգամավորների միջեւ կռվի վերածվեց
Նախօրեին թուրքական խորհրդարանում երկրի կառավարության կողմից ներկայացված «Քրդական նախաձեռնության» շուրջ քննարկումները տուրուդմփոցի են վերածվել: Քննարկումների սկզբում ընդդիմական պատգամավորները Հանրապետական ժողովրդական Կուսակցությունից (CHP) եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունից (MHP) Բաշիր Աթալային թույլ չտվեցին ելույթ ունենալ այդ հարցի շուրջ` նրա ելույթի ժամանակ ցուցադրելով «Աթաթուրք, մենք շարժվում ենք քո ճանապարհով» գրությամբ ցուցապաստառները: Ընդդիմական պատգամավորները քննադատեցին կառավարող կուսակցությանն այն բանի համար, որ նրանք քրդական հիմնախնդրի շուրջ քննարկումները խորհրդարանում նշանակել են նոյեմբերի 10-ին` Աթաթուրքի հիշատակի օրը:

Խորհրդարանի խոսնակ Մեհմետ Ալի Շահինը, տեսնելով, որ կրքերը բորբոքվում են, պատգամավորներին կոչ արեց հեռացնել ցուցապաստառները եւ ընդհատեց նախարար Աթալայի ելույթը: Սակայն լարվածությունը չնվազեց: Ընդդիմական պատգամավորներն ընդհատեցին կառավարող կուսակցության խմբակցությունից ներկայացուցիչ Սուադ Քըլըջի ելույթը, որից հետո կառավարող կուսակցության եւ ընդդիմության պատգամավորների միջեւ տուրուդմփոց սկսվեց: Միայն Մեհմետ Ալի Շահինի միջամտությունից հետո կրքերը հանդարտվեցին, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը: