11 նոյեմբերի 2009 - 20:30 AMT
Հայաստանի ու Գերմանիայի միջեւ հարաբերություններն ամուր հիմքեր ունեն
Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան Շմիդթը ջանք ու եռանդ չի խնայի հայ-գերմանական համագործակցությունը զարգացնելու գործում: Պրն Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններն արդեն ամուր հիմքերի վրա են եւ բարձր գնահատեց առկա առեւտրատնտեսական, քաղաքական եւ մշակութային շփումները, ինչպես նաեւ Գերմանիայի զարգացման գործակալության (GTZ) կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը եւ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած բոլոր հնարավորությունները: Դեսպան Շմիդթը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Բունդեսթագի նախագահի ողջույնները: Գերմանացի իր գործընկերոջը պատասխան ողջույնը հղելով` պրն Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է պաշտոնական այցով Երեւանում հյուրընկալել Գերմանիայի խորհրդարանի նախագահին:

Զրույցի ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը` հատուկ ուշադրություն դարձնելով դրանում երկու հարեւան երկրների խորհրդարանների դերակատարմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: