11 նոյեմբերի 2009 - 20:52 AMT
Գերմանիան կշարունակի ակտիվ եւ նպատակային աջակցություն ցուցաբերել Հայաստանի կրթական ոլորտին
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 11-ին ընդունեց ՀՀ-ում
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս Յոխեն Շմիդթին:


Ինչպես հայտնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամլո ծառայությունը, նախարարը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշեց, որ կրթության ոլորտում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան աշխատանքները միշտ արդյունավետ են եղել եւ հույս հայտնեց, որ այսուհետեւ եւս երկու կողմերը, պահպանելով ձեւավորված լավագույն ավանդույթները, կնախանշեն հավակնոտ նոր ծրագրեր:

Անդրադառնալով արտասահմանի ուսումնական հաստատություններում հայագիտական ամբիոնների խնդրին`
նախարարը նշեց, որ այս տարի առաջին անգամ ՀՀ պետական բյուջեում տեղ են գտել Բեռլինի Ազատ համալսարանի հայագիտական ամբիոնի պահպանման ծախսերը, որն իրականացվում է գերմանական կողմի հետ համաֆինանսավորմամբ: "Հայագիտական ամբիոնների առկայությունը լավ հիմք կծառայի հայագիտության զարգացման եւ իր նպաստը կունենա Հայաստանի ճանաչման համար"-,նշեց դեսպանը, ընդգծելով, որ Գերմանիան կշարունակի ակտիվ եւ նպատակային աջակցություն ցուցաբերել Հայաստանի կրթական ոլորտին: