11 նոյեմբերի 2009 - 21:22 AMT
ՀԱԿ-ը կխուսափի քաղաքական մաքսիմալիզմից հայ-թուրքական մերձեցման հարցում
ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ներկա գործընթացի մասին:

Ընդդիմադիր դաշինքի առաջնորդը մեկ անգամ եւս հաստատել է, որ ՀԱԿ-ը կողմ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Նա որպես զգայուն է բնութագրել հայ-թուրքական մերձեցման այս գործընթացը, որը պահանջում է մեծ պատասխանատվություն ինչպես իշխանություններից, այնպես էլ ընդդիմությունից: Նա նաեւ նշել է, որ ՀԱԿ-ն առաջիկայում եւս կղեկավարվի այս գիտակցությամբ, խուսափելով ինչպես չմտածված գործողություններից, այնպես էլ քաղաքական մաքսիմալիզմից, քանի որ «պետական շահերն ամեն ինչից վեր են», հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը: