12 նոյեմբերի 2009 - 20:11 AMT
Էրդողան-Օբամա հանդիպման նախաշեմին ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն Անկարա է ժամանել
Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն առաջին անգամ պաշտոնական այցով Անկարա է ժամանել: Այցի շրջանակներում կքննարկվեն ամերիկա-թուրքական հարաբերությունների եւ վերջին տարածաշրջանային գործընթացների պայմաններում համագործակցության հնարավորությունների հարցեր:

Ամերիկյան բարձրաստիճան դիվանագետն արդեն հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուի հետ: Ինչպես նշում են դիվանագիտական աղբյուրները, այցը նախապատրաստություն է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման նախաշեմին, որը ծրագրված է դեկտեմբերի սկզբին Վաշինգտոնում:

Անցկացված հանդիպումների ընթացքում Ֆիլիպ Գորդոնը թուրքական կողմի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը: