13 նոյեմբերի 2009 - 21:12 AMT
Հնագիտությունն ու վերականգնումն իր մանրակրկիտ աշխատանքով նման են վիրաբուժության
«Աշխարհում վերականգնման խնդիրը շատ սուր է դրված տարբեր վերականգնողական դպրոցների գոյության պատճառով, որտեղ մոտեցումներն այդ հարցին տարբեր են: Օրինակ, ֆրանսիական եւ հունական դպրոցները վերականգնում են, իսկ իտալական դպրոցը ձգտում է պահպանել այն, ինչ հասել է մեզ: Դա մշակութային եւ տեսական խնդիր է, քանի որ անհնար է վերականգնել հնությունն առանց ձեւախեղումների: Հայաստանում պետք է վերանայվեն այդ մոտեցումները, քանի որ նախկինում այստեղ ընդունված էր ֆրանսիական դպրոցը, որը ես չեմ ընդունում: Ես վերջերս եղա Պարթենոնում, որտեղ վերականգնողական աշխատանքներ են ընթանում, դրանք նման են Դիսնեյի տիկնիկների»,-լրագրողների հետ հանդիպմանը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին է պատասխանել արվեստաբան, դոկտոր, Նեապոլի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալոն:

Նա նաեւ նշել է, որ պետք է շատ ուշադիր լինել հնության հանդեպ, քանի որ դա զվարճանքի կամ զբոսաշրջիկներին գրավելու միջոց չէ, այն նախատեսված է արվեստն իսկապես գնահատողների համար: «Ես եղել եմ ձեր Էրեբունի թանգարանում եւ տեսել եմ խորհրդային ժամանակներում վերականգնված հնությունները: Դրանք ուղղակի ձեւախեղվել են: Եվ մեր խնդիրն է այժմ մաքրել այդ քարերը եւ տեսնել, կան արդյոք այնտեղ գեղանկարչության հետքեր: Հնագիտությունն ու վերականգնումն իր մանրակրկիտ աշխատանքով նման են վիրաբուժության: Ինչպես մարդուն ես վերաբերվում, այնպես էլ պետք է վերաբերվես հնությունների վերականգնմանը»,-ասել է Գալոն` հավելելով, որ չի մասնակցում Հայաստանում ընթացող վերականգնողական աշխատանքներին, սակայն եթե այստեղ դպրոցներ բացվեն, նա ուրախությամբ կփոխանցի իր գիտելիքները աշակերտներին, եւ այլ իտալացի մասնագետների հետ, կմասնակցի հայաստանցի մասնագետների նախապատրաստմանը:

Հարցին ավելի ճշգրիտ պատասխան տվեց ԵՊՀ պատմության եւ արվեստի պատմության ամբիոնի վարիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուկասզյանը: Նա ընդգծել է, որ վերջին 7-8 տարում մի շարք ուսանողներ Հայաստանից, այդ թվում նաեւ ԵՊՀ արվեստաբանության ֆակուլտետից, վերապատրաստում են անցել Իտալիայի Սան Սերվոլ կղզու վրա գտնվող Ռեստավրացիայի ակադեմիայում, որոշ ուսանողներ ուսանեցին Ֆլորենցիայում, սակայն, ցավոք, ոչ բոլորն են այժմ աշխատում այդ ոլորտում: «Հայաստանում կան վերականգնման բաժիններ` լաբորատորիա համալսարանում, թղթի վերականգնման բաժին, եւ ոչ միայն Մատենադարանում, հետեւաբար, մենք ունենք վերականգնողական դպրոց: Մենք ներդնում ենք նոր տեխնոլոգիաներ եւ ծրագրեր ենք պատրաստել մեր գերմանացի գործընկերների հետ, սակայն, ցավոք, որոշ պատճառներով դրանք չհաջողվեց կյանքի կոչել: Խնդիր կա եւ պետք է որոշումներ գտնել, աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն տարվում են»,-ասել է Լեւոն Չուկասզյանը: