16 նոյեմբերի 2009 - 12:47 AMT
Տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզում է, թե ինչու են Հայաստանում կտրուկ բարձրացել որոշ դեղամիջոցների գները
Տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ կսկսի որոշ դեղամիջոցների գների աճի եւ ստեղծված դեֆիցիտի վերաբերյալ, որն առաջացել է բնակչության շրջանում A/H1N1 վիրուսով վարակվելու դեպքերի պատճառով, PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել է ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Արմինե Ուդումյանը: «Որոշ դեղերի գների աճն ու դեֆիցիտը չհիմնավորված են եւ դա պարզաբանման կարիք ունի»,-ասել է նա:

Ըստ նրա, վարչական վարույթ կհարուցվի դեղորայքի երեք խմբի առնչությամբ` սիրտ-անոթային, հակավիրուսային եւ հակադիաբետիկ միջոցներ: Նա նշել է նաեւ, որ դիտարկումներ կանցկացվեն ինչպես ներմուծող ընկերություններում, այնպես էլ դրանց իրացմամբ զբաղվող ընկերություններում: «Դեռեւս վաղ է խոսել գների աճի պատճառների մասին, հետազոտման արդյունքները կհրապարակվեն առաջիկայում»,-ասել է նա:

Ուդումյանը նշել է նաեւ, որ այդ գործընթացը պահանջում է օրենքով նախատեսված որոշ ժամանակ, որի ընթացքում ընկերությունները պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն: