16 նոյեմբերի 2009 - 15:04 AMT
Վրաստանի Անվտանգության խորհուրդը որոշել է բացել Վերին Լարսի սահմանային անցակետը
Անցած շաբաթվա վերջում Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել Ռուսաստանի հետ սահմանում Վերին Լարսի անցակետը բացելու մասին: Նախկինում Թբիլիսին փորձում էր կապել անցակետի բացումը ՌԴ-ում գործող վրացական գյուղմթերքի ներկրման արգելքի վերացման հետ: Այժմ Վրաստանը հրաժարվել է այդ պահանջից, սակայն իշխանությունները հայտարարում են, որ Վերին Լարսը կփակվի, եթե Մոսկվայից կրկին «տեղեկատվական հարձակումներ» սկսվեն` այդ սահմանով ահաբեկիչների մուտք գործելու մասին, գրում է «Կոմերսանտը»:

Վերին Լարսի անցակետի բացման հարցին, որը վրացիներն անվնում են «Կազբեգի» անցակետ, նվիրված էր Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի հատուկ նիստը: Անցած ուրբաթ ռուս-վրացական սահմանի բացման զգայուն թեմայի քննարկման համար նախագահական պալատ էին հրավիրվել նույնիսկ չափավոր ընդդիմության` Քրիստոնյա-դեմոկրատների, «Ազգային ժողովի» եւ «Ազատություն» կուսակցության առաջնորդները: