16 նոյեմբերի 2009 - 17:19 AMT
Հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանի տնտեսությունը ոչինչ չի շահի
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության դիրքորոշումը պարզ է` մենք դեմ ենք Թուրքիայի հետ որեւէ հարաբերությունների վերականգնմանը, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, Հայաստանը նման քայլի գնաց, մասամբ կամավոր, մասամբ էլ պարտադրված: «Հայաստանը գերտերությունների ճնշման ներքո է: Չնայած, որ մեզ համոզում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեզ շահեկան է, դա այդպես չէ»,- նշեց Շիրխանյանը` ավելացնելով, որ սահմանի բացման դեպքում երկրների միջեւ ոչինչ չի փոխվի եւ Հայաստանի տնտեսությունը դրանից ոչինչ չի շահի:

Ընդ որում, Շիրխանյանը նկատեց նաեւ, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ հետապնդում է հետեւյալ նպատակները` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ձախողում, Կարսի պայմանագրի պայմանների ճանաչում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում հօգուտ Ադրբեջանի, Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության լիկվիդացում, հայ-իրանական հարաբերությունների սահմանափակում, ինչպես նաեւ Անկարա-Գյումրի-Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Բաքու երկաթուղու նախագծի իրականացում: