16 նոյեմբերի 2009 - 17:21 AMT
Վահե Արսեն. Այսօրվա դրությամբ արվեստը հասարակության համար անօգուտ բան է
«Յուրաքանչյուր հեղինակ գովազդի կարիք ունի, եւ պարգեւներն ու մրցանակները յուրօրինակ գովազդ են գրողների համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ պարգեւները նաեւ գրողի ճանաչման, խրախուսման միջոց են»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է պրոֆեսոր, բանասիարական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ բանաստեղծ Վահե Արսենը: Երկու հյուրերը նշել են հայ հանրության անտարբերությունն արվեստի, մասնավորապես, գրականության հանդեպ: «Ես երկու մեծ գիրք եմ գրել Աքսել Բակունցի ու Եղիշե Չարենցի մասին, եւ հիանալի հասկանում էին, որ դրանք պետք է անցնեն բնակչության անտարբերության բարիկադի միջոցով»,-ասել է Դավիթ Գասպարյանը: Վահե Արսենի խոսքերով, այսօրվա դրությամբ արվեստը հասարակության համար անօգուտ բան է:

Հյուրերը նշել են նաեւ, որ Հայաստանում չկա լուրջ մոտեցում արվեստի հանդեպ: «Մենք պետք է հիմնենք քննադատության ինստիտուտ: Եվ այդ ինստիտուտի կազմակերպմամբ պետք է զբաղվի պետությունը: Կառավարությանը պետք է հետաքրքրի, թե ինչ է կարդում բնակչությունը: Իսկ մեզ մոտ ամեն ինչ զուտ էնտուզիազմի վրա է հիմնված: Այսօր մեզ պակասում է լավ, որակյալ քննադատությունը»,-ասել է նա:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Վահե Արսենը ընդգծել է. « Յուրաքանչյուր հեղինակ արժանի է ճանաչման ու պարգեւի: Այլ բան է, երբ գրողն ինքն է հրաժարվում որեւէ պարգեւից: «Մենք արժեհամակարգի ճիշտ բախշման խնդիր ունենք, սակայն մեր հասարակությունը դեռեւս պատրաստ չէ դրան: Պարգեւը պետք է գտնի արժանի հավակնորդին: Կան տաղանդավոր գրողներ, կան պարգեւներ, մնում է միայն, որ նրանք միավորվեն»,-ասել է Դավիթ Գասպարյանը: