17 նոյեմբերի 2009 - 16:50 AMT
Լիբանանում քննարկել են հայ-թուրքական Արձանագրությունները
Լիբանանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ սեմինար էր կազմակերպվել: Սեմինարի հիմնական դասախոսը բեյրության «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանն էր: Իր ելույթում անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին` նա հավաքվածների ուշադրությունը սեւեռեց թուրքական կառավարության դիվանագիտության վրա: «Պետք է ուշադիր լինել, քանի որ թուրքական խաղը նպատակ է հետապնդում ոչ թե իրարից հեռացնել Հայաստանն ու Սփյուռքը, այլ իրար հակադրելն»,- ասաց «Ազդակի» խմբագիրը:

Դասախոսության ընթացքում Շահան Կանդահարյանը մանրամասն ներկայացրեց Արձանագրությունները եւ դրանց հնարավոր հետեւանքները Հայաստանի համար: Խոսելով Ղարաբաղի հետ Արձանագրությունների կապի մասին` նա ասաց. «Հայաստանի համար Ղարաբաղն անկախ պետություն է եւ երբեք չի վերադարձվի Ադրբեջանին: Այդ դիրքորոշումն ունեն բոլորը` Հայաստանի նախագահը, վարչապետը, ժողովուրդը: Հայաստանի համար Ղարաբաղը հայկական հող է»: